«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Աթուր Սարգսյանին, ուզում եմ հասկանանք, ի վերջո, ի՞նչ եք մեղսագրում», - արձագանքեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ազգային ժողովը քննարկում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու, կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Պատգամավորին վերագրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրանքներ:
«Որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում», - ասաց Վարդապետյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր սկզբից՝ Տավուշից: Նրան վերագրվող մեղադրանքներն էլ Բագրատ Գալստանյանի գործի շրջանակում են: Ըստ միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար:
«Հանցավոր խմբի անդամները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2 հազարից ավելի անձանց», - հայտարարեց գլխավոր դատախազը:
Ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ պատգամավորը շարժման առաջնորդի և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարը իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար:
«Կան կոնկրետ հանձնարարություններ՝ կոնկրետ անձանց, խոստումներ անձանց կողմից՝ ով քանի հոգի ա բերում, կոնկրետ պարոն Սարգսյանն ասում ա, որ ինքը տաս հոգու ա բերում, տաս հոգու համար ա պատասխանատու», - նշեց Վարդապետյանը:
Սարգսյանն ու իր թիմակիցներն էլ էին մասնակցում այսօրվա նիստին: Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ այնպիսի սցենար, որ նկարագրված է Դատախազության միջնորդագրում, շարքային քաղաքացիների խոհանոցներից էլ կլսեն, եթե գաղտնալսեն այդ մարդկանց:
«Եթե. օրինակ, խուզարկեք իմ համակարգիչը, հարյուր հատ ծրագիր կարող եք գտնել, թե ինչպես եմ ցանկանում կամ մտածել էս իշխանություններից օր առաջ ազատվելու», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
«Այսինքն՝ դուք ասում եք, որ ուղղակի անմեղ զրույց ա եղել ինչ-որ գաղափարների շուրջ, որոնք տևել են ութ ամսից ավելի, որոնք ունեցել են հստակ ժամանակացույց», - պատասխանեց Աննա Վարդապետյանը:
Հեղաշրջման պլանի ու ահաբեկչություն նախապատրաստելու քրեական գործը մեղադրյալների պաշտպանները, ընդդիմադիրները որակում են շինծու: Կասկածներ կան, որ կոնտեքստից կտրված են, մոնտաժված ու աղավաղված զրույցները: Միջնորդագրում էլ սղագրություններն ամբողջական չեն, ու զրույցներն ընդհատվում են հաճախ, ու փաստաթղթում էլ նշվում է, որ զրույցի մի մասը լսելի չէ: Արդյո՞ք նույնականացվել է գաղտնալսումը, հետաքրքրված էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մեղադրյալներից որևէ մեկը չի վիճարկել, որ իր ձայնը չէ, բայց, ամեն դեպքում, քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են՝ այդ թվում ձայնային համընկնումները ստուգելու նպատակով: Ես նշեցի, որ վարույթը մի քանի շաբաթ է, ինչ նախաձեռնված է, և բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, ի տարբերություն մյուս բոլոր միջնորդագրերի, որոնք ներկայացված են, դեռ ընթացքում են», - արձագանքեց գլխավոր դատախազը:
Ըստ Դատախազության ներկայացրած գաղտնալսումների՝ հեղաշրջման սցենարը Բագրատ արքեպիսկոպոսն ու համախոհները քննարկում են 2024 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա մայիս: Բայց թե կոնկրետ երբ էին նախատեսում իրականացնել, ժամկետ նշված չկա: Գլխավոր դատախազն էլ հաստատեց, որ որոշակիություն չկա այս առումով. - «Իրենք էլ հստակ օրացուցային օր չեն ֆիքսում, ֆիքսում են որոշակի իրադարձություն, դա է պատճառը, որ այ սենց մանիպուլյատիվ խոսակցություններ են սկսվում»:
«Սրբազան պայքար» շարժման սցենարում, ըստ Դատախազության միջնորդագրի, նախատեսված է եղել մետաղական աստղիկներով մեքենաների անվադողերը պատռելու ու շարժը կանգնեցնելու դրվագ:
«Դուք մասնավորապես նշեցիք էդ աստղիկները՝ անիվները ծակող, էդ մասը հատկապես միջնորդագրում բավականին երկար ու մանրամասն նկարագրվում ա էդ զրույցը». - իշխանական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանն առաջարկեց, որ Դատախազությունն այս մասով նորից փորձաքննություն անցկացնի, պատգամավորին մեղմ թվաց այդ արարքի նկարագրությունը. - «Փորձեք թույլատրելի արագությամբ ընթացող մեքենայի տակ էդ աստղիկը գցեք, օրինակ՝ Դավթաշենի մոստի վրա, որով էլ որ էդ բանը կոնկրետ՝ ցրող մեքենան, պետք ա երթևեկեր: Ես ձեզ վստահեցնում եմ, օրինակ, 60, 65 արագությամբ գնացող մեքենան եթե դիմացի ակը դրանով ճղվի, ամենայն հավանականությամբ շուռ կգա, ամենայն հավանականությամբ, տենց 99 տոկոսով ասում եմ՝ շուռ կգա»:
«Ես չեմ հասկանում էդ ինչի վրա եք ծիծաղում; Տիկին Կյուրեղյան, ասենք, դրել քննարկել եք ձեր էդ խմբով՝ ոնց եք մարդանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց կյանքի համար վտանգավոր գործողություն անելու, մի հատ ստե էկած նստած մի հատ ժպտում եք, մի հատ բան եք անում, ռեպլիկ եք թողում», - շարունակեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:
Վահագն Ալեքսանյանի հարցերի ժամանակ իրավիճակը լարվեց: Նրան ռեպլիկներով արձագանքեցին ընդդիմության կողմից: Լարվածությունն այս անգամ գոռգոռոցներով ավարտվեց, ու շարունակվեց քննարկումը:
«Տիկին գլխավոր դատախազ, ափսոսում եմ, ախր շատ երիտասարդ եք, ախր դեռ տասնամյակներով Հայաստանում ապրելու եք, ուսադիրը գեներալի ունեք, խի՞ եք դնում ձեզ էս վիճակում», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Երկու շաբաթ առաջ, երբ կալանավորեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին ու ևս 16 համախոհի, խուզարկել էին նաև պատգամավոր Սարգսյանի տունը: Այն ժամանակ պատգամավորն ասել էր, թե իր տնից տարել են երեխաների հեռախոսներն ու պլանշետը: Մյուս խուզարկությունների դեպքում հայտնաբերել էին զենքեր, արդյո՞ք դրանք անօրինական են եղել: Գլխավոր դատախազը չհաստատեց, շեշտեց, թե այս գործն այդ մասին չէ:
«Խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հրավտանգ միջոցներ», - ասաց Վարդապետյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Ջուլիետա Ազարյանը ենթադրում էր, որ պետական մարմիններից են տվյալներ ձեռք բերել իրենց սցենարը իրագործելու համար:
«Ներողություն եմ խնդրում, բայց ձեր հարցին չեմ կարող պատասխանել և կոնկրետ ասել՝ այ ՀԷՑ-ից ում հետ են փոխկապակցված եղել, որ կարողացել են ենթադրել, որ այդ տվյալը կստանան, կամ, չգիտեմ, նույն լուսացույցերի հետ կապված պատկան որ մարմնի հետ ինչ կապ են ունեցել, որովհետև մի պարզ պատճառով՝ քննության այս փուլում դեռևս չունենք տվյալներ», - նշեց գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազության 77-էջանոց շարադրանքն ընդամենը մտադրություն է, կոնկրետ գործողություն չկա, այն, ինչ վերագրվում է պատգամավորին ու մյուսներին, քաղաքացիական անհնազանդության կոչեր են, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ընդամենը մտադրություն է, քաղաքացիական անհնազանդության պատրաստվելու կոչեր են, որոնք բազմիցս եղել են, որոնց մասնակցել ենք նաև մենք, ժամանակին մասնակցել եք նաև դուք կամ ձեր այսօրվա ընկերները: Ահաբեկչություն, իշխանության զավթում, դուք գիտակցում ե՞ք, որ սա, ի վերջո, անկախ այսօրվա վիճակից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, և դուք եկել եք Ազգային ժողովի՝ առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգյանին չեղած մեղադրանքներով կալանավորման տանելու: Շնորհակալ եմ», - հայտարարեց Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հռետորական հարց էլ ուներ գլխավոր դատախազին. - «Ես բազմիցս զրուցել եմ Բագրատ սրբազանի հետ, այդ թվում՝ իր կեցավայրում, իմ տանը երկու հրացան կա՝ կարծեմ օրինական, իմ մտքում, գուցե՝ թղթերիս մեջ, ձեզանից հետո գլխավոր դատախազի առնվազն երեք թեկնածու կա: Ձեր կարծիքով՝ ես պոտենցիալ հանցագո՞րծ եմ»:
«Վստահեցնում եմ, եթե երբևէ որևէ անձի արարքում, այդ թվում՝ ձեր, հանցագործության հատկանիշ կլինի, հաստատ կգամ ստեղ», - արձագանքեց Աննա Վարդապետյանը: