BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականությանը» միացածների նկատմամբ կկիրառվի լրացուցիչ մաքսային տուրք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ այն երկրները, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությանը», կբախվեն լրացուցիչ 10 տոկոս մաքսային տուրքերի:

«Այս քաղաքականությունից բացառություններ չեն լինելու»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի «հակաամերիկյան քաղաքականություն» ասելով։

BRICS-ի սկզբնական կազմը ձևավորվել է 2009 թվականին՝ ներառելով Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Դրանից հետո դաշինքին միացել է նաև Հարավային Աֆրիկան։ Նախորդ տարի BRICS-ն ընդլայնվել է՝ ընդգրկելով Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Դաշինքի երկրների ղեկավարները կիրակի իրենց եզրափակիչ հռչակագրում դատապարտել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական ենթակառուցվածքների և միջուկային օբյեկտների դեմ ուղղված հարվածների կապակցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի վարչակազմը մաքսատուրքերի հարցով նամակներ կուղարկի մոտ100 երկրների