Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/8 հասցեի ու հարակից վեց շենքերի բնակիչները դժգոհում են՝ «Վեոլիա ջուր»-ն
ամռան շոգին պարբերաբար երկար ժամանակով անջատում է ջրամատակարարումը, սովորաբար՝ առանց նախապես ծանուցելու։ Բնակիչներից Դավիթ Մելիքյանն ասում է՝ եթե ջուր էլ ունենում են, ցածր ճնշման պատճառով այն անգամ երրորդ հարկ է դժվարությամբ հասնում։
«Արդեն երկրորդ տարին է՝ պետք է մայիսի 15-ից սեպտեմբերից 15-ը 00:00-ից մինչև 7:00-ը անջատվի ըստ գրաֆիկի: Սակայն վերջին մի քանի ամսում փաստացի մեր ջուրը անջատվում է 23:00-ից, հաջորդ օրը պարզվում է՝ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, կարա մինչև 16:00 չլինի, մի օր հայտարարում են, որ մինչև հաջորդ օրը 14:00 չի լինելու ... », - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Հազարից ավելի բնակիչներ չգիտեն՝ ինչ անեն, օրվա մեծ մասը ջուր չեն ունենում: Եթե խմելու ջուրը հնարավոր է գնել, ապա ի՞նչ անեն լողանալու, հագուստը լվանալու համար: Բնակիչների խոսքով, շենքերում մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են՝ փոքր երեխաներով, նրանց լողացնել չեն կարողանում։ Գլուխ չեն հանում նաև «Վեոլիա»-ի ջրամատակարարման գրաֆիկից՝ ինչո՞ւ է ֆրանսիական ընկերությունը հաշվված ժամերով ջուրը մատակարարում։
Բնակիչերի մի մասն այսօր քայլերթով «Վեոլիա ջրի» գրասենյակ էր հասել՝ փորձելու պարզաբանում ստանալ բազմիցս կրկնվող ջրանջատումների ու ջրի ցածր ճնշման պատճառների վերաբերյալ։ Երկարատև պահանջներից հետո բնակիչներին ընկերության Արաբկիրի բաժնի պետը ներկայացավ։ Արմեն Օհանյանը նրանց վստահեցրեց, թե ամբարում փականի հետ կապված խնդիր է եղել, լուծել են, ջրամատակարարումն այսօրվանից կանոնավոր կիրականացվի։
«Ամբարում ունեցել ենք խնդիր, երեկ կարգավորել ենք էդ խնդիրը, էլեկտրական փականի մեջը չի աշխատել, ոչ թե փականը. էդ բանական է՝ պիտի ուսումնասիրվեր շատ երկար, մանրամասն, որ իմանայինք, էդ էլ ենք հայտնաբերել, վերացրել ենք: Հիմա ձեր գրաֆիկը պիտի որ ամբողջական պահպանվի: Խնդիրը լուծած ենք համարում», - հայտարարեց Օհանյանը՝ շարունակելով. - «7-ից 24:00-ն: Կարան լինեն դեպքեր, որ էդ գրաֆիկը խախտվի 11:30-ից, բայց դա մշտական բնույթ չի կրելու: Եզակի դեպքեր կլինեն, որ ասեմ՝ բացառում եմ, բացառված է, դա ընդհանուր քաղաք մտնող ջրաքանակների, վթարների, նմանով է պայմանավորված լինելու, մինչև հայտնաբերումը, հայտնաբերելուց հետո, բնական է, մենք վերականգնելու ենք»:
Բնակիչներին «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչի պարզաբանումները չբավարարեցին, նրանք շուրջօրյա ջրամատակարարում են պահանջում ու նաև՝ նախապես ծանուցում, եթե ընկերությունը ջրանջատում է նախատեսում։
Երևանում ու մարզերում քաղաքացիները պարբերաբար են բողոքում «Վեոլիա ջրից»՝ օրերով անջատումներից մինչև ջրի որակ։ Անգամ Երևանում որոշ թաղամասերում հատկապես ամռանը մարդիկ նախընտրում են խանութից ջուր գնել։ Ծորակներից, ասում են, անհնար է ջուր խմել՝ տհաճ հոտի ու համի պատճառով։
«Վեոլիա ջուր»-ը Հայաստանի ամբողջ տարածքում տարածքում 2017-ից է ստանձնել ջրի միասնական օպերատորի պարտականությունները, դրանից առաջ էլ շուրջ տասը տարի կառավարել է մայրաքաղաքի ջրմուղկոյուղին։ Ընկերությունը տարիներ շարունակ խոսում է խմելու ջրի խոշոր կորուստներից, ամռան սեզոնին էլ՝ ջրի սպառման մեծ ծավալի մասին։ Այսօր ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե փորձում են պայքարել ջրագողությունների, ապօրինությունների դեմ, միաժամանակ փոխարինում են հին, քայքայված ջրագծերը: