Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ առանց թվարկելու այդ ընկերությունների կամ ղեկավարների անունները:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը», - ասված է կամիտեի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՔԿ-ն նշում է նաև, որ քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։
Նշենք, որ այս պահին ՔԿ-ն խուզարկություններ է կատարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է: Խուզարկվել է նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը:
«ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ», - ավելի վաղ «Ազատությանն» ասել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ՀԷՑ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ չունի, թե ովքեր են կալանավորվածները և մյուսները:
«Ազատության» տեղեկություններով՝ 51 հասցեները, որոնց մասին նշում է Քննչական կոմիտեն, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխկապակցված ընկերություններն են, կապ չունեն ՀԷՑ-ի գործունեության հետ: